«Ակօս», 2007թ․ հունվարի 19
Չանհանգստացա, երբ Շիշլիի հանրապետական դատախազությունն իմ նկատմամբ նախաքննություն սկսեց «թրքությունը վիրավորելու» մեղադրանքով:
Առաջին անգամը չէր. նման քննություն նախկինում հարուցվել էր Ուրֆայում: Երեք տարի շարունակ իմ դեմ ընթանում էր «թրքությունը վիրավորելու» մեղադրանքով դատավարություն նրա համար, որ 2002-ին Ուրֆայում կայացած մի խորհրդաժողովի ժամանակասել էի, թե՝ «թուրք չեմ, Թուրքիայի քաղաքացի եմ և հայ եմ»: Նույնիսկ դատական նիստերի ընթացքից տեղյակ չէի․ ինձ չէր հետաքրքրում: Իմ բացակայության պարագայում դատական նիստերին ինձ ներկայացնում էին Ուրֆայից փաստաբան ընկերներս:
Ուստի բավականին անտարբեր էի, երբ գնացի Շիշլիի դատախազություն ցուցմունք տալու: Հավատացած էի գրածիս ու մտադրությանս: Դատախազը, եթե համատեքստից կտրված այդ անհասկանալի նախադասությունը չդիտարկեր, այլ քններ ամբողջ տեքստը, հեշտորեն կհասկանար, որ բնավ «թրքությունը վիրավորելու» նպատակ չեմ ունեցել: Այդպիսով պիտի վերջանար այս կատակերգությունը:
Վստահ էի, որ նախաքննության արդյունքում իմ դեմ գործ չպետք է չհարուցվեր:
Ինձ վրա վստահ էի
Ո՜վ զարմանք… Գործը հարուցվեց, ու դատ սկսվեց:
Միևնույն է լավատեսությունս չկորցրի:
Այնքան, որ ուղիղ հեռարձակմամբ ընթացող հեռուստատեսային մի հաղորդման ժամանակ, որին հեռախոսազանգով էի մասնակցում, իմ դեմ հաղորդում ներկայացրած փաստաբան Քերինչսիզին ասացի, որ շատ հույս չունենա, թե դատարանի կողմից ինչ-որ պատիժ կսահմանվի, իսկ եթե նույնիսկ սահմանվի, ապա ես կլքեմ երկիրը: Վստահ էի ինքս ինձ վրա. իրապե՛ս, հոդվածիս մեջ թրքությունը վիրավորելու նպատակ կամ դիտավորություն երբեք չեմ ունեցել, երբե՛ք: Ովքեր կարդային հոդվածաշարքս ամբողջությամբ, հստակորեն կհասկանային սա:
Ստամբուլի համալսարանից փորձագետ նշանակված երեք դասախոս դատարանին եզրակացություն ներկայացրին, որ իրողությունը հենց սա էր: Մտահոգվելու պատճառ չկար․ դատավարությունն այս կամ այն փուլում անպայման կշտկեր սխալն ու կընթանար ճիշտ ուղղությամբ:
«Համբերի՛ր, հոգի՛ս, համբերիր»...
Սակայն սխալը չշտկվեց:
Հակառակ փորձագիտական եզրակացությանը, դատախազը պատիժ պահանջեց: Սրան հետևեց դատավորի վճիռը՝ ազատազրկում վեց ամսով:
Երբ դատավճիռը լսեցի, դատավարության ողջ ընթացքում փայփայած հույսերս վերածվեցին ցավոտ ճնշումի, որի բեռի տակ հայտնվեցի: Զարմացած էի… Հիասթափությունս և ըմբոստացումս անսահման էին:
Օրեր, ամիսներ շարունակ պնդոել էի, թե «թող որոշումը հրապարակվի, արդարացվեմ, այն ժամանակ կտեսնեք՝ ինչպես կզղջաք ձեր ասածների, գրածների համար»:
Դատական յուրաքանչյուր նիստի առթիվ թերթերի նորությունների բաժիններում ու սյունակներում, հեռուստատեսային հաղորդումների ժամանակ ասվում էր, թե իբր ասել եմ, որ «թուրքի արյունը թունավոր է»:
Ամեն անգամ ավելի ու ավելի շատ էի հանրահռչակվում իբրև «թուրքի թշնամի»:
Դատարանի միջանցքներում ֆաշիստները վրաս էին հարձակվում՝ տեղալով ցեղապաշտ հայհոյանքներ: Անձս անարգում էին ցուցապաստառներով: Ամիսներ շարունակ ինձ հասցեագրվող հեռախոսազանգերի, էլեկտրոնային ու սովորական նամակների սպառնալիքները, որոնք հարյուրների էին հասնում, ամեն անգամ ավելի վտանգավոր բնույթ էին ստանում: «Համբերի՛ր, հոգի՛ս», - մտածում էի սկզբում՝ դիմանալով մինչև արդարացման վճռի հրապարակումը, երբ ի հայտ կգար ճշմարտությունը, ու այդժամ մարդիկ կամաչեին իրենց արածի համար:
Անկեղծությունս միակ զենքս էր
Ահա վճիռը հրապարակվեց, ու իմ բոլոր հույսերը հօդս ցնդեցին: Հիմա արդեն մարդու հետ պատահող ամենածանր կացության մեջ էի: Դատավորը վճիռը կայացրել էր «հանուն թուրք ժողովրդի», և իրավաբանորեն այլևս հաստատված էր «թրքությունը վիրավորելու արարքս»: Կարող էի ամեն ինչ հանդուրժել, բայց սրան դիմանալն անհնար էր:
Իմ համոզմամբ, էթնիկ կամ կրոնական որևէ տարբերության պատճառով սեփական համաքաղաքացիներին անարգելը ռասիզմ է, և դա աններելի է:
Այս հոգեվիճակում էի, երբ դիմեցի մամուլի ներկայացուցիչ գործընկերներիս, որոնք սպասում էին դրսում և ցանկանում էին ճշտել, թե արդյոք պատրաստվում էի լքել երկիրը, ինչպես նախապես հայտարարել էի: Եվ ես հայտարարեցի նրանց․ «Պետք է դիմեմ փաստաբաններիս: Պետք է դիմեմ Վճռաբեկ դատարան և անհրաժեշտության դեպքում՝ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Դիմելու դեպքում անպայման ներկա եմ գտնվելու նաև դատական նիստին: Այս ամենի արդյունքում եթե չարդարացվեմ, ապա կլքեմ իմ երկիրը, որովհետև նման հանցանքով դատապարտված մեկն իրավունք չունի բնակվել այն քաղաքացիների հետ, ում նա վիրավորել է»: Այս խոսքերն արտասանելիս հուզված էի, ինչպես միշտ:
Միակ զենքս անկեղծությունն էր:
Սև հումոր
Բայց եկեք ու տեսեք, որ ինձ Թուրքիայի հանրության աչքի առջև մեկուսացնելու ու բաց թիրախի վերածելու փորձ անող ընդհատակյա ուժը այս հայտարարությանս մեջ էլ իր համար «հանցանք» գտավ, իմ դեմ նոր հայց ներկայացրեց դատարան՝ դատական իշխանության վրա ազդեցություն բանեցնելու բողոքով: Թեև հայտարարությունս հրապարակել էին բոլոր լրատվամիջոցները, նրանց մեջ միայն «Ակօսը» դարձավ աչքի փուշ: Այս անգամ էլ դատական իշխանությունների վրա ազդելու համար դատարանի առջև կանգնեցինք ես ու «Ակօսի» պատասխանատուները:
Սա է երևի «սև հումոր» ասվածը:
Մեղադրյալը ես էի․ եթե ոչ ես, ապա ո՞վ կարող է դատական իշխանության վրա ազդելու իրավունք ունենալ: Բայց եկեք ու տեսեք զավեշտը․ մեղադրյալին դատում են դատական իշխանության վրա ազդելու փորձի համար:
«Հանուն թուրքական պետության»
Պետք է խոստովանեմ, որ ամբողջովին կորցրել եմ վստահությունս Թուրքիայի «արդարադատության համակարգի» եւ «օրենք» հասկացությունների նկատմամբ:
Ինչպե՞ս չկորցնեմ․ բոլոր այս դատախազները, այս դատավորները համալսարանավարտ, իրավագիտության ֆակուլտետներավարտած մարդիկ չե՞ն, պետք է չէ՞ ունենային իրենց կարդացածն ըմբռնելու ունակություն:
Բայց եկեք ու տեսեք, որ այս երկրի դատական իշխանությունն անկախ չէ, ինչպես առանց երկմտելու հայտարարում են պետական ու քաղաքական բազմաթիվ գործիչներ:
Դատական իշխանությունը պաշտպանում է ոչ թե քաղաքացու, այլ պետության իրավունքը:
Դատական իշխանությունը ոչ թէ քաղաքացու կողքին է, այլ գործում է պետության հրահանգով:
Միանգամայն համոզված էր, որ թեև իմ դեմ արձակված վճռում գրված էր «հանուն թուրք ազգի», սակայն հստակ էր, որ այն ոչ թե «հանուն թուրք ազգի» էր, այլ «հանուն թուրքական պետության»: Ուրեմն, փաստաբաններս պիտի դիմեին Վճռաբեկ դատարան, սակայն ի՞նչ երաշխիք կար, որ ինձ չափ ու սահման սովորեցնող ընդհատակյա ուժերն այնտեղ ևս չէին բանեցնի իրենց ազդեցությունը:
Եվ հետո, մի՞թե Վճռաբեկ դատարանը միշտ ճիշտ որոշումներ է ընդունում: Արդյոք հենց այս դատարանը չէ՞ր, որ ստորագրել էր ապօրինի որոշումներ, որոնցով ազգային փոքրամասնություններից խլվել էին համայնքային ունեցվածքները:
Ի հեճուկս Գլխավոր դատախազի ջանքերի
Դիմեցինք․ բայց ի՞նչ տարբերություն:
Վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազը, ինչպես նշված էր փորձագետների եզրակացության մեջ, նշեց, որ հանցակազմ չկա և պահանջեց ինձ արդարեցնել: Չնայած դրան՝ միևնույն է Վճռաբեկն ինձ մեղավոր ճանաչեց:
Ինչքան որ ե՛ս էի վստահ գրածիս վրա, նույնքան էլ Վճռաբեկ դատարանի դատախազն էր վստահ իր կարդացածի ու հասկացածի վրա: Նա բողոքարկեց վճիռը՝ դիմելով Ընդհանուր խորհրդին:
Անիմաստ է ասել, որ այդ մեծ ուժը, որ որոշել էր սովորեցնել ինձ իմ չափ ու սահմանը և դատավարության յուրաքանչյուր փուլին ինձ համար անիմանալի եղանակներով զգացնել էր տալիս ներկայությունը, ահավասիկ նորից հետնաբեմում էր: Եվ իսկապես, Ընդհանուր խորհուրդն էլ քվեների մեծամասնությամբ հայտարարեց, թե վիրավորել եմ թրքությունը:
Աղավնու նման
Շատ ակնհայտ էր, որ ինձ մեկուսացնելու, տկարացնելու և անպաշտպան դարձնելու ուղղությամբ ջանքեր չխնայածներն իրենց պատկերացմամբ հասան նպատակին: Հանրությանը կեղտոտ և և սխալ տեղեկություններ հաղորդելու, ապակողմնորոշելու միջոցով նրանց հաջողվել էր ձևավորել ոչ քիչ թվով մարդկանց մի շրջանակ, ովքեր Հրանտ Դինքին տեսնում էին իբրև «թրքությունը վիրավորած» անձ:
Համակարգչիս հիշողությունը բեռնված է նման քաղաքացիներից ստացած նամակներով, որոնք լի են բարկության և սպառնալիքի տողերով:
Ի դեպ, օգտագործեմ առիթը և ասեմ, որ այդ նամակներից մեկը, որ ուղարկված էր Բուրսայից, ինձ խիստ մտահոգեց, քանզի անմիջական վտանգ էր ներկայացնում, ուստի անմիջապես դիմեցի Շիշլիի դատախազություն, սակայն ի՞նչ օգուտ, մինչ օրս որևէ արձագանք չկա:
Ինչ խոսք, չեմ կարող ասել, թե այս սպառնալիքները որքանով են իրատեսական, որքանով՝ ոչ: Ինձ համար բուն սպառնալիքը ևանհանդուրժելին հոգեկան այն տանջանքն է, որն ապրում եմ ներսումս:
Ուղեղիս հանգիստ չէր տալիս միտքը, թե «Այս մարդիկ հիմա ի՞նչ են մտածում իմ մասին».
Դժբախտաբար, նախկինի համեմատ ավելի ճանաչված եմ, զգում եմ, որ մարդիկ ինձ վրա հայացք են նետում ու ասում՝ «Աաա՜, տե՛ս, սա այդ հայը չէ՞»:
Եվ բնազդաբար սկսում եմ ինքս ինձ տանջել:
Այս տանջանքիմի կողմում հետաքրքրությունն է, մյուսում՝ անհանգստությունը:
Մի կողմում ուշադրությունն է, մյուսում՝ երկչոտությունը:
Ճի՛շտ աղավնու եմ նմանվել…
Նրա նման՝ հայացքս նետում եմ աջուձախ, հետուառաջ: Գլուխս նրա գլխի նման անընդհատ շարժվում է, և նույնքան արագ, ինչպես նրանը:
Ահա՛, ձեզ գինը:
Ի՞նչ էր ասում Արտաքին գործերի նախարար Աբդուլլահ Գյուլը: Ի՞նչ էր ասում Արդարադատության նախարար Ջեմիլ Չիչեքը․ «Սիրելիներ, կարիք չկա 301-ը այդքան չափազանցնել: Կա՞ մեկը, որ դատապարտված կամ բանտարկված լինի այդ հոդվածով»:
Կարծես՝ գին վճարելու համար անպայման բանտ պետք է ընկնել:
Ահա՛ գինը… Ահա՛ գինը…
Ո՜վ նախարարներ, արդյոք գիտե՞ք, թէ ինչպիսի գին է մարդ արարածին աղավնու երկչոտության մեջ բանտարկելը: Գիտե՞ք:
Դուք բնա՞վ աղավնիներ չեք դիտել:
«Կենաց մահու» ասվածը
Հեշտ ապրումների միջով չանցա... ընտանյոք հանդերձ չանցանք:
Եղել են պահեր, երբ նույնիսկ լրջորեն մտածել եմ երկիրը լքել: Հատկապես, երբ սպառնալիքները սկսեցին հասնել հարազատներիս… Այդտ պահերինմիշտ ճարահատյալ էի:
Ըստ երևույթին, հենց սա է «կենաց մահու» ասվածը: Միայն ես լինեի, կդիմակայեի, բայց իրավունք չունեի որևէ հարազատիս կյանքը վտանգել: Կարող էի ինքս ինձ հերոսանալ, բայց ոչ միայն հարազատիս, այլև որևէ մեկի կյանքը վտանգելու գնով քաջություն անելու իրավունքը չունեի:
Ահա, այսպիսի ճարահատյալ պահերին ապաստանեցի ընտանիքիս, հավաքեցի զավակներիս, և ամենամեծ աջակցությունն էլ նրանցից ստացա: Ինձ վստահում էին: Որտեղ ես լինեի, նրանք էլ այնտեղ կլինեին: Ասեի՝ «գնանք», կգային, «մնանք»՝ կմնային:
Մնալ և դիմադրել
Լավ, բայց եթե գնալ՝ ո՞ւր պիտի գնայինք:
Հայաստա՞ն:
Ինչպե՞ս պիտի ինձ նման մեկը, որ չի հանդուրժում անարդարություններ, հանդուրժեր այնտեղի անարդարությունները: Արդյոք այնտեղ ավելի մեծ փորձանքներ չպիտի՞ բարդվեին գլխիս:
Եվրոպական երկիրներ գնալն էլ բնավ չէր հրապուրում ինձ:
Իսկապես, ես մեկն եմ, որ երբ անգամ միայն երեք օր Արևմուտքում է անցկացնում, չորրորդ օրը ձանձրանում է ու ասում՝ «Հերի՛ք եղավ, ե՞րբ պիտի տուն դառնամ» ու իր երկիրն է կարոտում: Ուրեմն ի՞նչ պիտի անեի այդ կողմերը:
Հարմարավետ կյանքը ինձ կխենթացներ:
«Եռացող դժոխքները» լքելով՝ դեպի «պատրաստի դրախտներ» փախչելն ամենից առաջ հարիր չէ իմ բնույթին:
Մենք այն մարդկանցից ենք, որոնք հետամուտ են իրենց ապրած դժոխքը դրախտի վերածելու:
Թուրքիայում մնալն ու ապրելը թե՛ մեր իսկական ցանկությունն էր, թե՛ այդպես էր նաև թելադրում այն հարգանքը, որը տածում էինք Թուրքիայում ժողովրդավարության համար պայքար մղող, մեզ թիկունք կանգնող ծանոթ կամ անծանոթ հազարավոր ընկերների նկատմամբ:
Պիտի մնայինք ու պիտի դիմադրեինք:
Սակայն եթե օրերից մի օր ստիպված լինեինք մեկնել… Ճամփա պիտի ելնեինք ճիշտ այնպես, ինչպես 1915-ին… Մեր պապերի նման… Առանց իմանալու, թե ուր ենք գնում… Քայլելով՝ նրանց քայլած ճամփաները… Զգալով չարչարանքը, ապրելով տանջանքը…
Ահա այսպես դժգոհելով՝ պիտի լքեինք մեր հայրենիքը: Եվ պիտի գնայինք այնտեղ, ուր ոչ թե մեր սիրտը, այլ մեր ոտքերը տանեին … Ո՜ւր որ է…
Երկչոտ ու ազատ
Հույս ունեմ, որ երբեք ու երբեք հարկադրված չենք լինի նման կերպ լքել հայրենիքը: Դրա համար ունենք շատ հույսեր ու շատ պատճառներ:
Հիմա արդեն դիմում եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Չգիտեմ, թե այս դատը քանի տարի կտևի: Ինձ մի քիչ հանգստացնում է այն փաստը, որ գոնե մինչև դատավարության ավարտը կշարունակեմ ապրել Թուրքիայում:
Եթե դատարանը վճռի ի նպաստ ինձ, անկասկած շատ պիտի ուրախանամ, ևդա ինքնին կնշանակի, որ այլևս ստիպված չեմ լինի լքել երկիրս:
Հավանաբար 2007-ն ինձ համար է՛լ ավելի դժվար տարի լինի:
Դատերը կշարունակվեն, նորերը կսկսվեն: Ո՞վ գիտի՝ ինչպիսի՜ անարդարությունների դեռ կբախվեմ:
Բայց մինչ այս բոլորը պատահեն, հետևյալ իրողությունը կհամարեմ իմ միակ երաշխիքը․ «Այո՛, թերևս իմ հոգեվիճակը վախվորած աղավնու է նման, բայց գիտեմ, որ այս երկրում մարդիկ աղավնիներին ձեռք չեն տալիս»:
Աղավնիներն իրենց գոյությունը շարունակում են նույնիսկ քաղաքի խորքերում, մարդկային խիտ բազմության մեջ:
Ճիշտ է՝ մի քիչ երկչոտ, բայց նույնքան էլ ազատ: