«Ակօս», 2005թ․ մայիսի 31

Պատմության շուրջ բանավեճը հայ-թուրքական հարաբերություններում համարվում է ամենամեծ խոչընդոտն ու, կարծես, այս պահի դրությամբ, անհավանական է, որ մոտ ապագայում երկու երկրներն այս խնդրի շուրջ կհասնեն փոխզիջման: Սա բավականին բնական է, քանի որ երկու կողմերում էլ պատկերացումներն ու խոսակցությունները հասել են փակուղու: Ավելին, պատմության իրական տերերը պետությունները չեն... այլ՝ Ժողովուրդները: Ուստի, թուրքական ու հայկական պետությունների կողմից պատմության խնդրին տրվելիք լուծումը չի կարող նշանակել, որ լուծման են հասել թուրքերն ու հայերը: Վերջին հաշվով, նույնիսկ եթե պետություններին հաջողվի պատմության շուրջ քաղաքական փոխզիջման հասնել, երկու ժողովուրդների միջև փոխզիջման հնարավոր չէ հասնել զուտ քաղաքական որոշումներով․ անհրաժեշտ են բարոյական ու էթիկական հարաբերություններ, որոնք հնարավոր կլինի զարգացնել միայն ժամանակի ընթացում:

Երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցող այսբերգները կարող են հալվել միայն ստեղծվելիք հարաբերությունների ջերմությամբ:

Ուստի, «պատմության լուծումը» իրական հասկացություն կամ խնդիր չէ: Որևէ կերպ չես լուծի պատմությունը... Անհրաժեշտ է միայն ըմռնել դրա մի մասը: Իսկ ըմբռնումն անխուսափելի է դարձնում սովորելու, լուսավորվելու, ընկալելու երկարաձիգ մի գործընթաց: Սրան հնարավոր չէ հասնել պատմական ամսաթիվ կրող պետական որոշումներով:

Տեղին կլինի ևս մեկ անգամ ամփոփել այս ճշմարտությունը: Այսօր Թուրքիայի առջև ծառացած խնդիրը «ժխտողականությունը» կամ «խոստովանությունը» չէ: Թուրքիայի հիմնական խնդիրը «ըմբռնումն» է: Ըմբռնման գործընթացներում խիստ անհրաժեշտ է այլընտրանքային պատմական ուսումնասիրություն և ժողովրդավարական միջավայր: Ըմբռնման գործընթացում գտնվող հասարակության անհատների վրա չպետք է լինի ներսից մերժում և դրսից խոստովանական քաղաքականություն: Դա ընդունելի չէ: Նման մեթոդը ամենամեծ հարվածն է ըմբռնման գործընթացին: Չգիտակցված հերքումը կամ խոստովանությունը ոչ մեկի համար ոչ մի օգուտ չունի: Նրանց, ովքեր տեղյակ չեն կամ անտեսում են այս ըմբռնման գործընթացը, իրենց ներքին կամ արտաքին պարտադրումներով երկարացնում են գործընթացը, կրճատելու փոխարեն:


Այս գործընթացում գտնվելով՝ անհնար է ասել, թե նրանք, ովքեր ակնկալում են, որ Թուրքիան կընդունի պատմական իրականությունը կամ նրանք, որվքեր սպասում են մերժման, լավ են հասկանում թուրք հասարակության ներկայիս իրականությունը թե ոչ: Ի վերջո, հասարակությունը ոչ թե գիտի կամ ժխտում է իրականությունը, այլ այն ուղղակի պաշտպանում է իր իմացած իրականութունը: Այս հասարակությունը ցուցաբերել է դժվարություն իրավական սահմանում, պատշաճ անուն տալու ու անհրաժեշտն անելու «Սուսուրլուկի սկանդալի» կամ «Հիզբուլլահի զոհերի թաղված դիերի» հայտնաբերման դեպքերի առնչությամբ․ դեպքեր, որ ընդամենը երեկ են տեղի ունեցել: Ուրեմն պատկերացրեք՝ արդյո՞ք առանց ջանքի ու ցավի հնարավոր է ընկալել ու սահմանում տալ պատմական իրադարձության, որը տեղի է ունեցել 90 տարի առաջ, հատկապես՝ այսքան տարիների ընթացքում ապատեղեկատվական գրոհի ենթարկվելու պարագայում:

Այո, հերթական անգամ դեմ հանդիման կանգնած ենք պատմության ու ժամանակակից քաղաքականության միջև բարդ հարաբերությունների հարցին:

Բոլորս էլ ընդունում ենք փակուղու առկայությունը:

Այդուհանդերձ, փաստ է նաև, որ թուրք-հայկական հարաբերություններում այսօր շփոթված ենք, թե որն է կողպեքը և որն է բանալին:

Համառ առճակատման մեջ են երկու ճամբարներ՝ նրանք, ովքեր ասում են՝ «բերեք նախ պատմության հարցը լուծենք, հետո հարաբերություններ կառուցենք» ու նրանք, ովքեր ասում են՝ «բերեք հարաբերություններ հաստատենք ու թողնենք պատմության հանգուցալուծումը հարաբերությունների ընթացքին»:

Կողմերից մեկի համար կողպեքը քաղաքականությունն է, իսկ բանալին՝ պատմությունը, մյուսի համար՝ պատմությունն է կողպեքն, իսկ քաղաքականությունը՝ բանալին: Ես նրանց շարքում եմ, ով համարում է, որ բանալին քաղաքականությունն է: Ինչ մոտեցումով էլ շարժվենք, կանգնած ենք հիմնարար պարտականության առջև՝ բացել պատմության կողպեքն ու հաղթահարել այն: