ՃԵՂՔԸ ԵՎ ԼՈՒՅՍԸ
Ճեղքը իրավիճակ է, որը տիրում է տրոհման և միաձուլման միջև: Ինչպես Լենարդ Քոհենն է ասում իր «Օրհներգ» երգում, «ամեն ինչի մեջ ճեղք կա» և «լույսն այդպես է ներս թափանցում»: Փայտի մեջ եղած ճեղքը նշան է այն բանի, որ մասերը դեռևս միասին են ապրում: Ահա թե ինչու է փայտը տաք նյութ: Փայտին դիպչելուն պես կարող ես տարբերել պլաստիկ ընդօրինակություններից: Անհնար է վերամիավորել մասերը և լիովին վերացնել ճեղքը՝ ոչ մի հետք չթողնելով։ Եթե փորձեք դա անել, մասերը սեղմեք միմյանց և սոսնձեք, կցավեցնեք, ճիշտ այնպես, ինչպես ազգ-պետություններն են փորձում նույն երկրում ապրող տարբեր ժողովուրդներին դարձնել միանման, վերացնել ճեղքերը և նրանց թողնել խավարում՝ առանց լույսի:
Բազմազանությունը մարդկանց եռանդուժ է տալիս կյանքի և կենսունակության համար: Մարդկանց բազմազան խմբերը, որոնք թիկունք են դարձնում միմյանց, մոլորվել են անտարբերությունից և զգայնության պակասից, դրանք կունենան նաև կենսունակության պակաս, քանի դեռ խուսափում են շփումից: Հեշտ չէ պահպանել տարբերությունները և ձեռնամուխ լինել միասին ապրելուն, այլ խոսքով՝ պահպանել ճեղքերը՝ չփորձելով դրանք վերացնել: Ճապոնական ավանդական ատաղձագործության մեջ ճեղքի մեջ տեղադրված է «թիթեռի հոդ» կոչվող մի առարկա, մասերը միմյանց կապելու համար՝ առանց ճեղքը վերացնելու: Այսկերպ դա թույլ է տալիս, որ լույսը ներս թափանցի՝ միևնույն ժամանակ կապ ապահովելով այն մասերի միջև, որոնց միացնում է։ Դա մասերին չի ստիպում միաձուլվել և դառնալ միատարր, մերժում է անցումը մահվանը՝ կյանքը պահպանելու համար:
Սա այն է, ինչ Հրանտն անում էր ողջ կյանքում։ Նա հարգում էր տարբերությունները, պահպանում էր շփումն ու համակեցությունը: Այդպես վարվելով՝ նա իրականում հնարավոր էր դարձնում այնպիսի կյանք, որը ներդաշնակ է բնության կշռույթին (ռիթմ), դիմադրելով քաղաքական «հավատափոխության» նախագծերին, որոնք կարող են ամփոփվել «տրոհվեք կամ եղեք նույնանման» կարգախոսով, որպեսզի մենք կարողանանք լինել տարբեր և մնալ միասին, ճիշտ այնպես, ինչպես «թիթեռի հոդով» միակցվող մասերը։ Այսօր, ի նշան նրան սպանողների դեմ բողոքի, մենք բոլորս միասին կանգնած ենք ճեղքերի մեջ և կանգնած կմնանք ընդմիշտ, որպեսզի թույլ տանք, որ Հրանտը լույսի ճառագայթի նման թափանցի այս ճեղքերից:
Ականջներումս Լենարդ Քոհենի երաժշտությունն ու խոսքերն են, որոնք ուղեկցում են մեզ.
Այլևս չեմ կարող վազել
Այդ անօրեն բազմության հետ
Մինչ մարդասպանները պաշտամունքի վայրերում
Իրենց աղոթքն են բարձրաձայնում:
Բայց նրանք դիզել են, դիզել են
Ամպրոպաբեր մի ամպ.
Եվ կլսեն որոտն իմ արձագանքի։
Նախկինում ես երբեք մրցանակի արձանիկ չէի նախագծել: Եթե ինձ չառաջարկեին դա անել Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակաբաշխության համար, երբեք նման արձանիկ չէի նախագծի: Այս նախագծին մասնակցելն ինձ պատիվ և հպարտություն է պարգևել: Երախտապարտ եմ գործընկերոջս՝ Թան Մավիթանին՝ իր ներդրման և ստեղծման գործընթացում ցուցաբերած սրտագին աջակցության համար:
Էրդաղ Աքսել
Ստամբուլ, 2010 թ. մարտի 3