Հրանտ Դինք հիմնարկը հրապարակել է «Հայացքներ սահմանից այն կողմ․ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները հանրության աչքերով» վերլուծական զեկույցը, որը «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն - Հայաստան» (ՀՌԿԿ) հիմնադրամի և «KONDA» հետազոտական-խորհրդատվական ընկերության համատեղ հետազոտության արդյունքն է՝ իրականացրած 2023-2024 թթ․։
2020 թ. Լեռնային Ղարաբաղի պատերազմը խիստ բացասական ազդեցություն է թողել Հայաստանում և Թուրքիայում մարդկանց՝ միմյանց նկատմամբ ունեցած ընկալումների վրա։ Քաղաքացիական հասարակության մակարդակում առկա իրավիճակը, Թուրքիայի և Հայաստանի մարդկանց ընկալումները ձևավորող գործոններն ավելի լավ հասկանալու, ինչպես նաև Հրանտ Դինք հիմնարկի հետագա գործունեության շրջանակներում հասարակության համապատասխան խմբերի հետ աշխատելու և թեմատիկ ոլորտներին անդրադառնալու համար հիմնարկը պատվիրակեց հասարակական կարծիքի հետազոտության անցկացում Հայաստանում և Թուրքիայում։
Թեև նախկինում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ հետազոտություններ և հարցումներ իրականացվել են, այս հետազոտությունն ուներ երկու հստակ նպատակ։ Առաջին՝ տեղեկատվություն քաղել Թուրքիայում և Հայաստանում հասարակության լայն շերտերից՝ երկու հաևան պետությունների հարաբերությունների կարգավորման մասին նրանց ընկալումների վերաբերյալ։ Անկախ տիրող քաղաքական մթնոլորտից՝ հետազոտության արդյունքները առանցքային են։ Դրանք հնարավորություն են տալիս հասկանալ հարևան երկրների քաղաքացիական հասարակությունների դինամիկան, առաջարկում են կարևոր մտքեր շահագրգիռ կողմերին, քաղաքականություն մշակողներին, ոլորտային փորձագետներին, հետազոտողներին և ընդհանուր առմամբ այս ոլորտով հետաքրքրվողներին: Հետազոտության արդյունքները այլընտրանքային հեռանկարներ են առաջարկում այդ ոլորտում տարբեր մոտեցումների վերաբերյալ, ինչպես նաև հնարավորություն են ընձեռում ուսումնասիրել և/կամ խորացնել համատեղ ջանքերը՝ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Ավելին՝ համատեղ հետազոտական ծրագրի արդյունքները տրամադրում են տվյալահեն տեղեկատվություն՝ ընթացիկ զարգացումների և եղած արդյունքների վրա հետագա քայլերը կառուցելու համար՝ միաժամանակ ամրապնդելով եղած կապերը:
Հետազոտության երկրորդ նպատակն էր խթանել երկխոսությունը և մասնագիտական փոխանակումը երկու հետազոտական ընկերությունների՝ KONDA-ի և ՀՌԿԿ-Հայաստանի միջև: Հրանտ Դինք հիմնարկը մշտապես իրականացնելով փորձագետների երկխոսության ծրագրեր Հայաստանում և Թուրքիայում՝ նկատել է, որ երկու երկրների փորձագետների՝ հատուկ թեմատիկ դաշտում փոխգործակցելը ամենաարդյունավետ միջոցն է՝ երկխոսությունը խորացնելու, մասնագետների միջև համագործակցությունը խթանելու, փորձի, գիտելիքների փոխանակման և իրազեկության բարձրացման համար։
Այս զեկույցը ուրվագծում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանում և Թուրքիայում հասարակական ընկալումների վերաբերյալ հիմնական, ուրույն հետազոտության արդյունքները: Այս զեկույցի բովանդակությունը հիմնված է երկու զուգահեռ հետազոտությունների վրա, որոնք միաժամանակ իրականացվել են Հայաստանում և Թուրքիայում: Մեթոդական ընդհանրություններն ու տարբերությունները թափանցիկ կերպով հաղորդվում են զեկույցի հիմնական բաժիններում: Երկու երկրներում էլ իրականացվել է քանակական և որակական հետազոտություն՝ երկուստեք ընդգրկելով չափահաս բնակչությանը:
Զեկույցը բաղկացած է 4 գլխից՝
- Նախաբան;
- Գլուխ 1. Հայաստանը ոսպնյակի տակ. բացահայտելով հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հասարակական տրամադրությունները;
- Գլուխ 2. Թուրքիան ոսպնյակի տակ․ բացահայտելով հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հասարակական տրամադրությունները և
- Գլուխ 3. Փորձագիտական հայացք. Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մեջ ընդհանրությունների և տարբերությունների սինթեզում:
Զեկույցը հրապարակվել է Հրանտ Դինք հիմնարկի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. հրատապ հասցեագրում» ծրագրի շրջանակում։ Զեկույցն այժմ հասանելի է անգլերենով, իսկ հայերեն և թուրքերեն տարբերակները հասանելի կլինեն շուտով: